Տեղի ունեցավ թվով 6-րդ «Ոչխարների խուզման» փառատոնը
Այսօր` հունիսի 10-ին, Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում կայացավ «Ոչխարների խուզման» 6-րդ փառատոնը: Փառատոնը կազմակերպվել էր «Դը Ռանչ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այն նաև հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում ներգրավված անձանց հավելյալ եկամուտ վաստակել:
Փառատոնի պատվավոր հյուրերն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար` Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ պրն. Վերներ Թութը։
Փառատոնին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով ներկայացրեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման ցուցանիշները: «Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում և մենք կարողանում ենք ուժեղացնել ու ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայքներում տեղական բիզնեսների կարևորությունը», - նշեց նախարարը:
Պրն. Թութն իր ողջույնի խոսքը սկսեց շվեյցարական ժողովրդական երգի ուղեկցությամբ, որը լավագույնս ցուցադրում է կապն ու կարոտը հայրենիքի հետ: «Այս գեղեցիկ երգով ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել ձեզ Շվեյցարիայի դեսպանատան և Շվեյցարիայի զարգացման համագործակցության անունից»,-ասաց նա:
Պրն. Թութը իր ողջույնի խոսքում ներկայացրեց երգի պատմությունը, Գուգիսբերգում անցկացվող ամենամյա Շաֆշեյդի միջոցառումը, որը տեղի է ունենում ամեն տարի աշնանը, երբ ամառվա ամիսներին Ալպերում արածելու ուղարկված ոչխարներին վերադարձնում են իրենց տերերին: «Շվեյցարական Գուգիսբերգն էլ Սյունիքի պես հայտնի է իր գեղեցիկ և հարուստ լեռնային բնածածկով: Սա նաև պատճառներից մեկն է, որ Շվեյցարիայի զարգացման համագործակցությունը 2006 թվականից աջակցում է Սյունիքի մարզում անասնապահության զարգացմանը: Տաթև համայնքի Խոտ բնակավայրում Սյունիքի Անասնաշուկայի հիմնումը, որն այժմ կոչվում է «Դը Ռանչ», մեր աջակցությամբ իրականացվող ծրագրի հաջողված պատմություններից մեկն է»- ասաց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ պրն. Թութը:
Փառատոնի հյուրերին ողջունեցին և լավ օր մաղթեցին նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Աննա Մարգարյանն ու ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը: ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանն իր խոսքում ընդգծեց փառատոնային մշակույթի կարևորությունը նոր զբոսաշրջային հոսքեր ներգրավելու գործում:
Փառատոնի ընթացքում ցուցադրվեց «Տերյան» մշակութային կենտրոն ՀԿ-ի հայկական տարազների և զարդերի հավաքածուն։