«Ոչխարների Խուզման Փառատոն-2019»
Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց Ոչխարների խուզման հինգերորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) կողմից։Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Այս տարի, համեմատած նախորդ տարիների, ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի ներկայացված է եղել նաև Շիրակի մարզը: Ոչխարների խուզման մրցույթին այս տարի մասնակցել են 16 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: Հաղթող է ճանաչվել Զաքարյան Էդգարը Շաքի բնակավայրից:
Փառատոնին ներկա էին մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը և Սննդի անվտանգության պետական տեսչության Ղեկավարի տեղակալ էդգար Ճաղարյանը, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն՝ Ստեֆանո Լազզարոտտոն:
Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ 4 փուլով, Նոր Զելանդիայից հրավիրված խուզ անողի ցուցադրական խուզում, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերի համայնքների արտադրողները: