Հանդիպումների նոր ձևաչափ
Հունիսի 16-ին Սյունիքի անասնաշուկայում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետը, մարզի բազմաթիվ ֆերմերներ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ:
Հանդիպումը, որը տվյալ ձևաչափում առաջին անգամ էր կայանում, նախաձեռնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ազգային ագրարային համալսարանի կողմից: Հիմնական նպատակն է վերհանել մարզի համայնքների ֆերմերների առկա հիմնախնդիրները, մշակել և ՀՀ կառավարությանը ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ և կարծիքներ: Ոլորտի մասնագետները նպատակ ունեն իրականացնել վերլուծություններ, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և օժանդակություն:
Առաջիկայում պլանավորվում է ավելի ընդլայնված հանդիպում անցկացնել Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտի մասնագետների և բոլոր համայնքների ֆերմերների միջև: